Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահը ստորագրել է երկրում կորոնավիրուսով հիվանդների հանդեպ առցանց հսկողություն սահմանող օրենքը

01.04.2020, 11:45
ՀՀ նախագահը ստորագրել է երկրում կորոնավիրուսով հիվանդների օնլայն վերահսկուման մասին օրենքը
ՀՀ նախագահը ստորագրել է երկրում կորոնավիրուսով հիվանդների հանդեպ  առցանց հսկողություն սահմանող օրենքը
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները և հանդես եկել մարդկությանը սպառնող վտնգի մասին հայտարարությամբ։

Ըստ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում:

«Ուստի և օրենքների կիրառման գլխավոր նախապայմանը, և միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը»,- շեշտել է Սարգսյանը։

Նա նշել է, որ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն միմիայն վերը նշված նպատակներն ապահովելու համար և ամենայն պատասխանատվությամբ։

Պանդեմիան սպառնաիք է մարդկության համար

«Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, և յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ նախագահն իր հայտարարության մեջ։

Նա շեշտել է, որ արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից։

Նախագահը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնությունը և պատասխանատու է դրանց իրավաչափ իրականացման համար՝ ապավինելով յուրաքանչյուրիս ողջախոհությանը։

«Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին: Կառավարությունն իր կողմից պարտավոր է դրսևորելու բացառիկ հետևողականություն, որպեսզի նախատեսվող սահմանափակումները կյանքի կոչվեն՝ չհանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների անհարկի միջամտությանը»,- ասել է Նախագահ Սարգսյանը։

Նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները և հանդես եկել մարդկությանը սպառնող վտնգի մասին հայտարարությամբ։

Օրենսդրական փոփոխությունների մասին

ԱԺ–ն երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում նախատեսված լրացումները, որոնք նախատեսում են սահմանել առցանց վերահսկում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների կոնտակտների նկատմամբ։

Լրացումների փաթեթն ընդունվեց միաձայն` «կողմ» քվեարկեց «Իմ քայլը» իշխող խմբակցության 70 պատգամավոր և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը։

Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պանդեմիայի տարածման և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում։ Անձնական տվյալների հավաքումն ու մշակումը վերաբերում է տարածվելու է բացառապես պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ դրության վրա։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Ապրիլի1–ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 571դեպք, 31 մարդ բուժվել է, 3 մարդ, ցավոք, մահացել է։–0–