ՀՀ արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով որոշելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Ռոստամ Բադասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Ինչպես նշել է Բադասյանն իր Facebook-յան էջում, հեռախոսազանգը կատարվել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը ապրիլի 5–ին։ Փետրվարի 6-ին ԱԺ պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով լուծել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,- գրել է Բադասյանը:-0-