ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատել «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի ԱԺ–ին է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում նախատեսված մի շարք փոփոխությունները։
Ինչպես պատգամավորներին նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում կրճատել զինծառայություն կրելու նվազագույն ժամկետները` 3–ից դարձնելով 2 տարի։
«Դա թելադրված է այս ծրագրով ժամկետային ծառայություն անցնելուց հետո կադրերի ներգրավվածության գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ», – ասաց նա։
Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է բաձրացրնել տարիքային շեմը` 36–ից դարձնելով 40, իսկ հատուկ կարևոր կամ հազվագյուտ մասնագիտությունների դեպքում` անգամ մինչև 45 տարեկան։
«Զինակոչիկը, որի եղբայրն արդեն ծառայում է բանակում, կարող է ևս տեղափոխվել եղբոր մոտ, եթե զորամասում կան համապատասխան պայմաններ», – ասաց Բալայանը։
«Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու բանակային նախագծերը ներկայացվել են 2017թ.–ի ապրիլի 20–ին «Ազգ–բանակ 2017» համաժողովի ընթացքում։ «Պատիվ ունեմ» նախագծի գաղափարն է կապել ակադեմիական տարկետումն ապագա սպայական ծառայության հետ։ «Ես եմ» նախագիծը նախատեսված է այն զորակոչիկների համար, ովքեր կցանկանան ծառայել առաջնագծում։–0–