ՀՀ վերադարձած գերիներից 5–ի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել. նրանցից մեկի նկատմամբ կալանք չի կիրառվել
10.12.2021,
11:59
Հայաստան վերադարձած գերիներից հինգի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստան վերադարձած գերիներից հինգի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է նախկին գերիներից մեկի փաստաբան Կարմեն Պողոսյանը։
Նախկին գերիները մեղադրվում են ՀՀ քր. օր-ի 365-րդ հոդվածի 3 մասով (Մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք):
Փաստաբանը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Պողոսյանը մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Նախկին գերիներից Ն.Ե.–ն ազատության մեջ է , ընտանիքի գրկում:
Մնացած մեղադրյալների վերաբերյալ միջնորդությունները դեռ քննվում են:
Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։-0-