Համայնքային բյուջեից 60 մլն դրամ կհատկացվի Երևանի «Հաղթանակ» կամրջի լուսավորության համար
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի «Հաղթանակ» կամուրջը կունենա լոսավորություն։
Ինչպես նշում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, Երևանի «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև համաձայն գնումների օրենսդրության 2023թ․–ի հուլիսի 13–ին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր:
2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն:
«Հարկ եմ համարում նշել, որ «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով:
Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով», – նշել է Կոստանյանը:
Կոստանյանը նշել է, որ գաղափարը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն կընձեռնվի յուրաքանչյուր օր, ինչպես նաև պետական տոնացույցով նախատեսված օրերին և մեր երկիր ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշներով և համահունչ թեմատիկ այլ լուծումներով:
Նշված ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից նախատեսվել է շուրջ 60 միլիոն ՀՀ դրամ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:01 09.11.2023