Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

Միջմարզային տեղաշարժերի կտրուկ սահմանափակում. Ավինյանի գլխավորությամբ կայացել է պարետատան հերթական նիստը (ՎԻԴԵՈ)

01.04.2020, 21:22
Միջմարզային տեղաշարժերի կտրուկ սահմանափակում. Ավինյանի գլխավորությամբ կայացել է պարետատան հերթական նիստը. ՎԻԴԵՈ
Միջմարզային տեղաշարժերի կտրուկ սահմանափակում. Ավինյանի գլխավորությամբ կայացել է պարետատան հերթական նիստը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 

«Ինչպես գիտեք, երեկ մենք քննարկեցինք և որոշեցինք 10 օրով երկարաձգել տեղաշարժման սահմանափակումները և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները՝ որոշակի ճշգրտումներով և խստացումներով: Այսօր կլինի այդ որոշումը ճշգրտելու և բացերը լրացնելու օր: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են»,- նշել է Ավինյանը:

Հաղորդվել է, որ սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք վաղվանից պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից:

«Պետք է նշեմ, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք:
Տեղեկացնեմ նաև, որ երեկ ուշ երեկոյան ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրությամբ պայմանավորված մի օրենքի նախագիծ, որը մեզ հնարավորություն է տալու հնարավորինս արագ ֆիլտրել անձանց շրջանակը, որոնք մեծ հավանականությամբ ունեցել են շփումներ վարակակրի հետ»,- հայտնել է պարետը:

Նիստի ընթացքում արձանագրվել է, որ հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես սահմանափակվում է: Չնայած, կրկին, հանրային տրանսպորտը այնպես չէ, որ ամբողջ ծավալով աշխատում էր, բայց հիմա երկաթուղուց բացի որևէ այլ հանրային տրանսպորտ պետք է չաշխատի:

Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ, որոնք, պարետի հանձնարարականով (նախնական մարտի 24-ից միչև մարտի 31-ը ժամանակահատվածի փոխարեն) երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:–0–