Հայաստանում հոկտեմբերի 20–ից պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 20–ից նոյեմբերի 30–ը Հայաստանում կկազմակերպվեն պահեստազորի վարժական հավաքներ, հինգշաբթի հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատեց հավաքների անցկացման ժամկետները, միջոցառումների պլանն ու ժամանակացույցը։
«Սրանք սովորական վարժանքներ են, որոնք կանոնավոր կերպով անցկացվել են տարեկան կտրվածքով։ Պարզապես նախկինում նախարարի որոշումներով էին իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, այս տարի բոլոր վարժանքներն իրականացվում են կառավարության որոշմամբ», – ասաց Տոնոյանը։
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սրանք պլանային իրադարձություններ են։
«Ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են և բազմաթիվ այլ ծրագրեր, աննախադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ աշխատանքի ծավալների հետ է կապված», – նշեց Փաշինյանն` ավելացնելով, որ իրավիճակը չի փոխվել:
Միաժամանակ նա նշեց, որ նման մասշտաբային հավաքներ Հայաստանում չեն անցկացվել, սա աննախադեպ ցուցանիշ է։
Կառավարությունն այսօր որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով։–0–