Հայաստանի տարածքով բեռնատարերի երթևեկը կարող է սահմանափակվել
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքով բեռնատարերի երթևեկը կարող է սահմանափակվել, առաջարկվել են փոփոխություններ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում։
Ինչպես ուրբաթ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, սահմանափակումներն ուղղված են հայկական ճանապարհների և ճանապարհային ծածկույթի պահպանմանը։
«Այսօր Հայաստանի տարածքով անցնող բարձր տոննաժով բեռնատարերը վնասում են ասֆալտի ծածկույթը` որևէ կերպ չփոխհատուցելով դրա վերականգնման ծախսերը», – ասաց Արզումանյանը։
Նա նշեց, որ նախատեսվող օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է, հաշվի առնելով միջազգային փորձը, սահմանափակում մտցնել ավելի քան 44 տոննա քաշով ավտոմեքենաների երթևեկի համար։
Նա նշեց, որ Հայաստանի հարևան երկրներում ևս առկա են նման սահմանափակումներ, մասնավորապես Իրանում` 42 տոննա։ Վրաստանում սահմանափակումները վերանայման փուլում են (մինչև 40 տոննա):
Նրա խոսքով, այս պահին մշակվում է հատուկ հավելված, որի միջոցով հնարավոր կլինի նայել, թե որ ճանապարհներով հնարավոր կլինի երթևեկել նման տոննաժով, ինչպես նաև յուրաքանչյուր ճանապարհ ինչ ծանրաբեռնվածության կարող է դիմանալ։
Միաժամանակ նա նշեց, որ այս նորմը խախտելու համար նախատեսված տուգանքի չափը ևս առաջարկվում է ավելացնել` 200 հազարից մինչև 500 հազար դրամ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին նշեց, որ հաշվի առնելով այն, որ բազմաթիվ բեռնափոխադրողներ չեն վճարել նման տուգանքներ, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է եղել դա ապացուցել, քննարկվում է այդ տուգանքների համաներման հնարավորությունը։
«Այս ոլորտում անհրաժեշտ է լրացուցիչ կարգավորում, այդ թվում` բեռները կշռելու հնարավորություն ճանապարհներով երթևեկելուց առաջ։ Սխալ է պարզապես կիրառել տուգանքները` գնահատելով դրանք «աչքաչափով»։ Երբ ընթացակարգերը կարգավորվեն, հնարավոր կլինի խոսել տուգանքների կիրառման մասին», – ասաց Արշակյանը։–0–