Հայաստանում գառան մորթի կետերի փոխարեն փոքր սպանդանոցներ կկառուցվեն
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Գառան մորթի կետերի փոխարեն կկառուցվեն փոքր սպանդանոցներ, այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մարզային հանդիպումները սպանդանոցային գործով զբաղվելու ցանկություն հայտնող տնտեսավարողների հետ:
Այսօր հանդիպում էր կազմակերպվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և Արմավիրի մարզի Նորապատ գյուղում գառան մորթի կետեր ունեցող տնտեսավարողների միջև:
Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, քննարկվել են փոքր սպանդանոցներին ներկայացվող պահանջներն ու այն ուղիները, թե ինչպես կարող են ձևափոխել արդեն գործող մորթի կետերը նորմալ, բոլոր նորմերին համապատասխանող սպանդանոցների, ստանալ թույլտվություն և հուլիսի 1-ին՝ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջին ընդառաջ, ունենալ օրինական տնտեսավարման հնարավորություն:
«Արթուր Շատվորյանը վստահեցրել է, որ սպանդանոցների կառուցման համար արվող ներդրումները անհրաժեշտ են ու արդարացված, քանի որ ժամկետները այլևս չեն կարող վերանայվել և հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի կատարումը վերահսկելու ՍԱՏՄ գործառույթը կիրառվելու է ամբողջ գործիքակազմով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնյան և ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը նաև այցելել են Նորապատի գառան մորթի կետեր, ծանոթացել պայմաններին ու ընդլայնվելու հնարավորություններին: Արձնագրվել է, որ որոշ կետեր ձևափոխումներից հետո կարող են համապատասխանել սպանդանոցներին ներկայացվող պահանջներին, իսկ մի քանիսը՝ ոչ: Տեղում քննարկվել է նաև իրար կողքի գտնվող մանր կետերի ուժերն ու ֆինանսական ռեսուրսները միավորելու միջոցով կոոպերատիվ հիմունքներով սպանդանոց կառուցելու հարցը:-0-