Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 78 դեպք. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

17.03.2020, 22:39
Թորոսյանի խոսքով, պացիենտների 95 տոկոսի մոտ որևէ ախտանիշ չկա
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 78 դեպք. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։

«Վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով վարակման ևս 6 հաստատված դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ։ Եվ այսպիսով հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 78–ն է։ Սակայն ուզում եմ անպայման հիշեցնել, որ այդ դեպքերից 18–ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված, կարանտինում գտնվող քաղաքացիների մոտ, դրանք նույնիսկ չի կարելի համարել թեստ, որովհետև եթե մենք նրանց չհետազոտեինք, կարանտինի 14–րդ օրը նրանց մոտ վիրուսը չէր էլ հայտնաբերվի», – նշեց առողջապահության նախարարը։

Նրա խոսքով, պացիենտների 95 տոկոսի մոտ որևէ ախտանիշ չկա։

«Նրանք ունեցել են ջերմություն կամ ունեցել են շփում կամ եկել են հիվանդության տարածված երկրից, բայց այդ հիվանդությունը, սկիզբ ցույց տալով, անհետացել է, և փաստացի նրանցից որևէ մեկը ջերմություն չունի», – ընդգծել է Թորոսյանը։

Նա նաև նշել է, որ ուսումնասիրելով համաշխարհային փորձը` երևում է, որ երկրներ կան, որ ջերմություն չունեցող, բայց կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք ունեցող քաղաքացիներին նույնիսկ չեն էլ հոսպիտալացնում, նրանց պարզապես հսկում են տնային պայմաններում և միայն սիմպտոմների ի հայտ գալու դեպքում են հոսպիտալացնում։

«Մենք դեռևս շարունակում ենք մեր բոլոր հաստատված դեպքերին պահել հիվանդանոցային պայմաններում և նրանց կոնտակտավորներին` իզոլացված պայմաններում, որպեսզի կարողանանք տարածման շղթաները կոտրել», – ասաց Թորոսյանն` ավելացնելով, որ այսօրվա ավարտին արդեն կունենանք 600  մեկուսացված քաղաքացիներ, ևս հնարավոր է մի քանի 100–ը մեկուսացվի, և դրանից հետո հավանաբար կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։ –0–