Рейтинг@Mail.ru
USD
390.51
EUR
449.98
RUB
4.8075
GEL
142.19
2025 թ. ապրիլի 23, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց․ կառավարությունն ընդունել է համապատասխան փոփոխությունները

20.02.2025, 11:48
Կառավարությունը նախատեսում է Հայաստանի ողջ տարածքում ներդնել միասնական երթուղային ցանց
Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց․ կառավարությունն ընդունել է համապատասխան փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանություն տվեց «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծին:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, նախագծի մշակումը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։ 

Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավմանը։

Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառի բարեփոխումների իրականացում, որի շրջանակներում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց։ 

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների որակի բարձրացման համար իրականացվող բարեփոխումները պայմանավորված են երթուղիների օպտիմալացման և մրցութային գործընթացով սպասարկման իրավունքի տրամադրման պայմանների փոփոխությամբ, այն է՝ նախկինում 1 երթուղի – 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում կատարելով մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ – 1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձևավորելով միասնական երթուղային ցանցը ՀՀ ողջ տարածքում։ 

Արդյունքում՝ նոր սկզբունքին համապատասխան ձևավորվող միասնական երթուղային ցանցի ներդրման համար անհրաժեշտ է իրականացնել մեծ ծավալի ներդրումներ մարզի կամ տարածաշրջանի բոլոր երթուղիները սպասարկելու համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։ 

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ։ Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է առողջ մրցակցությունը։ 

Միասնական երթուղային ցանցի գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև Կառավարության աջակցությամբ տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքի նախագիծը։