Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում կսահմանվեն հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգեր

06.07.2023, 16:37
Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ
Հայաստանում կսահմանվեն հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգեր
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը, հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու համար։

Նախագծի կիրառման արդյունքում ակնկալվում է արտադրողականության աճ, բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում, բիզնեսի եկամուտների աճ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, կանաչ տնտեսության զարգացում և այլն։

Նշենք, որ ներկա կարգավորումների համաձայն հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հանրապետությունում սահմանված էր միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար:–0–