Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանում նախատեսվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ

05.05.2023, 11:25
Անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը
Հայաստանում նախատեսվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Գործադիրի հավանությանն է արժանացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին հիմք կհանդիսանա վերջիններիս կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար:

Անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն ընձեռնել պացիենտին իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի կողմից թույլ տրված սխալի դեպքում սահմանափակել վերջինիս գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով:

Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած և սահմանված կարգով անհատական լիցենզա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պահեստազոր արձակվելուց 3 տարի հետո:
Բացի այդ, կստեղծվի բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) վերաբերյալ ամբողջական բազա, հստակ կսահմանվեն առողջապահության ոլորտի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկերը:

Կնախատեսվի վարչական պատասխանատվություն` առանց անցումային կամ անհատական լիցենզիայի մասնագիտական գործունեություն իրականացնելու և իրականացնելը թույլատրելու համար, կվերացվեն իրավական բացերն ու անհամապատասխանությունները:–0–