Հեղեղների հետևանքով ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում․ Սանոսյան
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հեղեղների հետևանքով ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում, հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
«Ունենք բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր-շինություններ, և դրանից դեպի գետի հունով ներքև արդեն ամենամեծ վնասված բնակավայրը Քարկոփն է. ամբողջ գյուղը ջրածածկ է, ամբողջ գյուղը տարհանված է: Միայն երեկ էր հնարավոր, որ փրկարարները սկսեին աշխատել: Երեկ մոտ 30 փրկարար է աշխատել, այսօր մոտ հարյուրը կաշխատի», – ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով, գյուղը հիմնականում մեկուկես մետր և ավելի ջրածածկ է, որ շատ մեծ վնասներ կան դրանից հարավ՝ դեպի Այրում, երկաթգծի տարբեր կայարաններում և դեպի Բագրատաշեն գետի հունով՝ այգիներում, շինություններում, հասարակական տարբեր օբյեկտներում:
«Վնասների մի մասը դեռ տեսանելի չէ, որոշ մասն էլ դեռ ջրածածկ է: Փորձել ենք արագ հասկանալ առաջնային կարիքները: Տարբեր ուղղություններով ճանապարհներ են վերականգնվել, ակտիվ աշխատանքի ընթացքում կարողացել ենք փրկել մի շարք ճանապարհներ քանդվելուց, և դրա արդյունքն է, որ կարողացանք Մ4 ճանապարհը՝ թեկուզ վնասված և միակողմանի, 5 հատվածում պահել երթևեկելի», – ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն է հյուրանոցներում:
«Մյուսները նախընտրել են ծանոթների, բարեկամների մոտ լինել, բայց բոլորի հետ կապ կա։ Մատակարարումներ տեղի են ունենում: Օրվա ընթացքում մարդիկ հիմնականում վերադառնում են իրենց ջրալցված տարածքներ, փորձում են որոշակի մաքրման աշխատանքներ անել», – ասաց նախարարը։