Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հրապարակվել են Արտաշատի մանկապարտեզի ճաշացանկի նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները

24.05.2023, 14:27
Արտաշատի մանկապարտեզից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները պատրաստ են,
Հրապարակվել են Արտաշատի մանկապարտեզի ճաշացանկի նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. Արտաշատի մանկապարտեզից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները պատրաստ են, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից:

Մանկապարտեզի մայիսի 18-ի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից:

Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։

Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։-0-