Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հունվարի 31–ին, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակաբանական իրավիակը, ՀՀ կառավարությունը փետրվարի 1–ից մինչև մարտի 31–ը ժամանակավորապես դադարեցրել էր Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը (սովորական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ էր մտնել այս տարվա հունվարի 19–ին, խմբգր.)։ Իսկ ավելի ուշ Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել էր մինչև մայիսի 31-ը: -0-