Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԿԳՄՍՆ–ն արձագանքում է դասադուլ անող ուսանողներին. օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին

06.11.2019, 13:12
Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են անում` բողոքելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ։
ԿԳՄՍՆ–ն արձագանքում է դասադուլ անող ուսանողներին. օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, նախարարությունից հայտնում են, որ թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։

«Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»,– նշվում է ԿԳՄՍՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նաև հայտնում են, որ միևնույն ժամանակ, նախագծի աշխատանքային տարբերակում առկա սկզբունքներում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։

«Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։ Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են անում` բողոքելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։–0–