Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով Սսցիալական աջակցություն է ստացել 11 հազ 444 ընտանիք. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք»,- գրել է նա Facebook-յան իր էջում։
Վարչապետի խոսքով՝ սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով:
Ընդհանուր առմամաբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 10 հակահամաճարակաին ծրագիր։ Դրանցից 6-ը վերաբերում են բիզնեսին և գյուղատնտեսական ոլորտին տնտեսական աջակցությանը, իսկ 4-ը վերաբերում է բնակչության տարբեր խմբերի սոցիալական աջակցության տրամադրմանը:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 10–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 937 դեպք, բուժվել է 149 մարդ, 12 մարդ, ցավոք, մահացել է։–0–