Կենսաթոշակառուների համար cashback ծրագրի ժամկետը երկարացվեց. կառավարությունն ընդունեց նախագիծը

Կենսաթոշակառուների համար cashback ծրագրի ժամկետը երկարացվեց. կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար (cashback) տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը։

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին։

Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Ծրագրի մեկնարկի առաջին ամսին շահառուների թիվը եղել է շուրջ 16,900, այս տարվա մայիս ամսվա տվյալներով՝ հետվճարի ծրագրին միացել է ավելի քան 114 հազար շահառու։

Ծրագրի մեկնարկից շահառուներին տրված ընդհանուր հետվճարը կազմել է շուրջ 2.4 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառությունը՝ շուրջ 28.3 մլրդ։ Միայն այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում շահառուներին տրամադրվել է շուրջ 1.6 մլրդ դրամ հետվճար, իսկ անկանխիկ շրջանառությունը կազմել է շուրջ 18,7 մլրդ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:42 22.06.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×