ԼՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ «Ելք» դաշինքի շրջանակում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ
Այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել, օրինակ՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և այլն, հիմա բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում խորհրդարանական իշխող «Իմ Քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև հարաբերությունները լարվել են: Պատճառն օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքն է ԱԺ-ում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվել է ծեծկռտուքի` Սասուն Միքայելյանի մասնակցությամբ:
«Առվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ և հրապարակային են եղել: Ուղղակի երբ եկել են վճռական պահեր, ես դրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ և մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ»,- նշել է Փաշինյանը:
Նա իր քաղաքական գործունեության ընթացքում իր անցած ամենակարևոր ճանապարհն անվանել է 2018 թվականի մարտի 31-ին՝ Գյումրիից սկսած ճանապարհը և նշել, որ այդ ժամանակ այդ ճանապարհն իրականացրել է իր համախոհների փոքր խմբի հետ:
«Նախկինում «Լուսավոր Հայաստանի» 7 «Հայ ազգային կոնգրեսի» հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթը: «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում այդ առիթը եղել է հայտնի եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունը»,- ընդգծել է վարչապետը:
Նա նաև անդրադարձել է ԼՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառի և սկզբի մասին:
««Լուսավոր Հայաստանի» հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսենք և այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարաձայնություններ։ Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ այս մասով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու բանաձևի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները»,- նշել է Փաշինյանը:
Խոսելով քաղաքական գործընթացում տարաձայնությունների պատճառների մասին, նա ընդգծել է, որ քաղաքական գործընթացքում երբեք չի վախեցել միայնակ մնալուց:
«Պատճառներից մեկը եղել է այն, եւ այդ պատճառը կարող է գոյություն ունենալ, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ, իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ երբ ինձ հարցրել եմ՝ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները, ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով լրագրողական հանրության հետ անցած ճանապարհին՝ վարչապետն նշել է, որ ի սկզբանե եղել է խնդիրը, որը ինքը պետք է խոստովանի
«Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ։ Իմ լրագրողական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափ որպես քաղաքական գործունեության մաս։ Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել։ Եվ դրանում ունեցել են իրենց հիմնավորումները: Հիմա ես ԶԼՄ-ների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող իր բարդություններով»,- նշել է նա: -0-