Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ալավերդի քաղաքի տարածքով անցնող շուրջ 180 գծամետր երկարությամբ հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը‚ սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։
Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կկատարվեն ասֆալտբետոնե խառնուրդի կազմի կամ տեղադրման տեխնոլոգիայի փոփոխություններ։
«Նշենք‚ որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես‚ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն կառուցել է նաև ջրահեռացման խողովակներ‚ բետոնե վաքեր, հենապատեր և դեկորատիվ պատեր, տեղադրել է բազալտե եզրաքարեր‚ կատարվել են այլ աշխատանքներ»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Մ6 միջպետական ճանապարհի նաև մյուս հատվածներում։ -0-