Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

MBG Hospitality ընկերության 6 հայտնի ռեստորանները ժամանակավորապես փակվում են կորոնավիրուսի պատճառով

15.03.2020, 21:24
Ընկերությունից նաև հայտնում են, որ խնդիրը համընդհանուր է, և «մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բոլորիս առողջության համար»
MBG Hospitality ընկերության 6 հայտնի ռեստորանները ժամանակավորապես փակվում են կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. MBG Hospitality ընկերությունը հայտնում է իր ռեստորանները փակելու մասին։

«Հաշվի առնելով այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը և ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, առաջին հերթին արժևորելով մարդու առողջությունը, մեր հյուրերի, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը՝ որոշում ենք կայացրել փակել մեր ընկերության կազմում գործող Vostan Restaurant, Tsirani Home - Restaurant, Chinar Restaurant, Hans & Franz, Alaska by Hans&Franz, Louis Charden ռեստորանները մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը», – նշվում է ընկերության Facebook–յան էջում։

Ընկերությունից նաև հայտնում են, որ խնդիրը համընդհանուր է, և «մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բոլորիս առողջության համար»:

«Մի բան միանշանակ է, որքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Ուստի խնդրում ենք՝ հոգ տարեք Ձեր և Ձեր հարազատների առողջության մասին, մնացեք տանը, իսկ մենք անհամբեր կսպասենք այն պահին, երբ կկարողանանք նորից մեր ռեստորանների դռները բացել Ձեր առաջ և խմել համաճարակի դեմ տարած մեր միասնական հաղթանակի համար», – նշվում է հայտարարության մեջ։

Ընկերությունից նաև նշել են, որ սննդի անվճար առաքման ծառայությունը Vostan Restaurant և Tsirani Home - Restaurant ռեստորաններից, ինչպես և խոստացել էին, կշարունակի գործել։

«Այսուհետ կարող եք զանգահարել (011) 48 00 00 (Ոստան) և (011) 850 950 (Ծիրանի տուն) հեռախոսահամարներով և ամրագրել Ձեր պատվերը՝ 11:00-ից մինչ 22:00: Մեր աշխատակիցները սիրով կկազմակերպեն Ձեր առաքումը հնարավոր ամենակարճ ժամկետում (առաքիչները առաքումները կկատարեն հատուկ պաշտպանիչ ձեռնոցներով և դիմակներով)», – նշվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալներով, մարտի 15–ի դրությամբ ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 26 դեպք, մեկուսացվել է 300 մարդ։ Կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներԵրևանի, Էջմիածնի և Մեղրիի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակվածների մեծ մասը, այդ թվում դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են։–0–