Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 6 աճյուն. ԱԻՊԾ
10.03.2021,
18:13
Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:
«Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն: Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտեղեկացվի առավոտյան:–0–