Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Նախագիծ․ դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ

25.04.2024, 12:48
Կառավարությունն առաջարկում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը
Նախագիծ․ դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն առաջարկում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։

Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախագծով առաջարկվում է վերանայել բուհերում  ընդունելության գործող կարգը, որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով:

«Տավուշի մարզում 2021-2022 ուստարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն ունենք նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները: Հետևաբար, այս պահին ընդունելության կարգում անում ենք փոփոխություններ, որը հնարավորություն կտան մեր առաջին շրջանավարտներին արդեն անցնել ընդունելության նոր համակարգով», – ասաց նախարարը։

Նրա խոսքով, Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը հանդիսանում է կրթության ոլորտի կարևոր բարեփոխումների բաղադրիչ: Ըստ այդմ, ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ:

«Կարգավորման նպատակը նաև այն է, որ հենց 2023-2024 ուստարվա ավարտից թեստերը, որով կազմակերպվում են քննությունները, նոր ձեւաչափով կիրառվեն ևհամապատասխանեն չափորոշչի բովանդակությունը: Դա նաև թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը: Ավարտական քննությունների արդյունքները հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, իսկ 2026-ից այս համակարգն արդեն կգործի բոլոր շրջանավարտների համար», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով,այս տարի Տավուշի շրջանավարտները, ինչպես բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու, և սա իրենց համար կլինի հավելյալ հնարավորություն, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին, և դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ

Նա տեղեկացրեց, որ հիմա դպրոցի ավարտական փուլում հանձնում են երեք պարտադիր քննություն՝ հայոց լեզու-գրականություն, մաթեմատիկա և հայոց պատմություն։

«Կան նաև ընտրական բաղադրիչով քննություններ, այն առարկաները, որոնցից շրջանավարտները քննություն հանձնելու կարիք կունենան: Բացի այդ, ամբողջությամբ նոր թեստեր են մշակված»,-ասաց նա: