Նախարար․ ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«ԵՊՀ–ում գրանցված պայթյունից տուժածներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել», – նշել է Ավանեսյանը Facebook-յան իր էջում:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ:
Նոյեմբերի 17–ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ, 3 մարդ վիրավորվել է։
Ինչպես հայտնում են ՔԿ–ից, դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը) և 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը) հատկանիշներով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:54 23.11.2023