Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Նախարարի տեղակալ. Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում վնասվել է 192 բնակելի տուն

15.09.2022, 14:57
Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք
Նախարարի տեղակալ. Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում վնասվել է 192 բնակելի տուն
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն:

Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Նա տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:

«Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և այլն: Վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում, շտապօգնության ծառայության: Որոշ տեղերում ունեցել ենք հոսանքազրկումներ, որոնք շատ արագ վերականգնվել են: Այս պահին էլեկտրականության հետ կապված խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով էլեկտրականության, կապի մատակարարումը այդ հատվածում դեռ չի վերականգնվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի», – ասաց Տերտերյանը:

Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ, չկան: Կան տարբեր խնդիրներ, որոնք ընթացքում շատ արագ կարգավորվում են: շ Տերտերյանը նշեց, որ երեք մարզերում էլ ղեկավարությունը հետևում է իրավիճակին, համակարգում են աշխատանքները շուրջօրյա ռեժիմով: Որոշակի հնարավորության դեպքում ամբողջական գույքագրումը կիրականացվի շատ արագ:

«Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որևէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,- ասաց Տերտերյանը:
Նա վստահեցրեց, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:–0–