Նախարարը պարզաբանում է կորոնավիրուսից առողջացումների թվի ավելացումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում բացատրեց կորոնավիրուսից առողջացումների թվի ավելացումը։
«Այսօր ունեցել ենք 350 նոր դեպք, 352 առողջացած քաղաքացի։ Վերջին օրերին առողջացումների թիվը գնալով աճում է, բայց մի քանի օր առաջ առողջացումների թիվը շատ փոքր էր, տատանվում էր մի քանի տասնյակի շրջանակում», – նշեց Թորոսյան։
Նրա խոսքով, մայիսի կեսերից մենք որոշեցին այն քաղաքացիները, ովքեր չունեն սիմպտոմներ կամ ունեն թեթև սիմպտոմներ, տեղափոխվեն տնային հսկողության և խնամքի և հիվանդանոցներում այլևս չպահվեն։
«Այնպես ստացվեց, որ մոտ 1000 հոգի, դուրս գրվելով հաստատություններից, համակարգում չնշվեցին` որպես առողջացածներ։ Նրանք գնացին 14–օրյա ինքնամեկուսացման իրենց տներում։ Եվ այդ 14 օրերի ընթացքում մենք բուժված էինք համարում այն քաղաքացիներին, ովքեր դուրս են գրվել ուղիղ հիվանդանոցներից կրկնակի բացասական թեստավորումով։ Նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում, ի սկզբանե բուժվում են տանը», – ասաց նախարարը։
Թորոսյանն ավելացրեց, որ վաղն առողջացումների թիվը շատ ավելի մեծ է լինելու։
«Դրանք այն քաղաքացիներն են, որոնք արդեն տանն են, հարաբերականորեն թեթև կամ առանց սիմպտոմների են, պարզապես ունեն դրական ախտորոշում։ Եվ 14 օրը լրանալուն պես նրանց ֆիքսում ենք որպես բուժված», – նշեց նախարարը։
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով:–0–