Նախատեսվում է վերաբաշխել ստացիոնար օղակի ֆինանսավորումը. ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը հայտնեց, որ մեկնարկվում է մանկական բուժծառայությունների բարեփոխումների գործընթաց:
Մասնագետի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ստացիոնար օղակի ֆինանսավորման վերաբաշխում իրականացնել: Այն ֆինանսավորման նվազում չի ենթադրում, պարզապես ներքին վերաբաշխում կլինի, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ ծախսել առկա ռեսուրսները:
«Կպակասեցվի միայն այն դեպքերի ֆինանսավորումը, որոնց բուժման համար ավելի կարճ ժամանակ է պետք: Դրա փոխարեն ֆինանսավորումը կհատկացվի այն դեպքերին, որոնք առավել ծախսատար են՝ դա վիրաբուժական ծառայությունն է, վերականդանացման ծառայությունն է, որոնց դեպքերում երեխաները նույնիսկ ամիսներով գտնվում են վերակենդանացման բաժանմունքում», – ասաց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը:
Փաշայանի խոսքով, նոր կարգավորումների համաձայն` պետք է բարելավվի նաև մանկական պալիատիվ օգնության ծառայությունը, որը հնարավորություն կստեղծի արդեն իսկ տանը բուժում ստանալ, ինչպես նաև ծնողին սովորեցնել, թե ինչպես օգնել երեխային տնային պայմաններում մինչև մասնագետների ժամանելը:
«Մենք հասկանում ենք, որ երեխան կյանքի վերջին փուլում պետք է գտնվի հարազատների կողքին: Եվ նախատեսում ենք ստեղծել արտահիվանդանոցային պալիատիվ ծառայություն: Այս դեպքում մեր մասնագետները կայցելեն ծանր հիվանդ երեխաներին իրենց տներում և օգնություն կցուցաբերեն»,-ասաց նա:
Նա հավելեց նաև, որ նախատեսվում է ստեղծել ինտերնետային կայք, որտեղ տեղադրված կլինի երեխայի խնամքի, հաճախ հանդիպող հիվանդությունների մասին ամբողջական ինֆորմացիա: Մասնագետի դիտարկմամբ, այն հնարավորություն կտա մայրիկներին իմանալ ինչ անել այս կամ հիվանդության առկայության դեպքում, ինչպես ցուցաբերել առաջին օգնություն և երբ դիմել բժշկի:–0–