Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Պապիկյան. առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար

28.02.2023, 13:41
Պապիկյանն, ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները
Պապիկյան. առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները:
Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորելով խորհրդակցության թեման, ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է:
Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասներն ըստ իրականացված վերլուծության:

Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար:

Նախարար Պապիկյանը նշեց, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:–0–