Փաշինյանը հայտնեց, որ առաջիկա օրերին հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, Երևանում և մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրվելու է
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ։
Ինչպես Facebook–յան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց վարչապետը, առաջիկա օրերին հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի:
Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի:
«Մյուս կողմից այն ոլորտները, որոնք աշխատանքը թույլատրվում է, մենք սահմանում ենք, որ այդտեղ տրանսպորտային ծախսերը և փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն», – նշեց վարչապետը:
Նա նաև ասաց, որ միջմարզային երթևեկությունը գոնե առաջիկա շաբաթվա համար արգելվելու է:
«Մյուս կողմից Երևանում և մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները նույնպես կարող են գործել: Անձնական փոխադրումները, իհարկե, սահմանված սահմանափակումների շրջանակում, նույնպես կթույլատրվի: Իհարկե, պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի տեղաշարժի թերթիկներով և գործատուների տեղեկանքներով», – ասաց վարչապետը:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 966 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–