Փոխքաղաքապետը` մանկապարտեզների վերագործարկման, հատուկ կանոնների և սննդի մասին
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ՍՌԿԱ/. Երևանի մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը մայիսի 20–ից, երկուշաբթի ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, մանկապարտեզները գործելու են հատուկ ռեժիմով, մասնավորապես, մանկապարտեզ կհաճախեն աշխատող ծնողների երեխաները, ովքեր չեն կարողանում աշխատել հեռահար, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։
Նա նշեց, որ կատարված հարցումների համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 161 մանկապարտեզներում կա նման 11 հազար ծնող գրանցված 31 հազարից։
«Նախատեսված են մանկապարտեզների այցելության խիստ կանոններ։ Բացառվում է ծնողների մուտքը, երեխաներին դիմավորելու են աշխատակիցները, հեռահար չափեն ջերմությունը և ընդունեն երեխային ջերմության բացակայության դեպքում», – ասաց Վիրաբյանը։
Նա նաև նշեց, որ օրվա ընթացքում երեխաները նորից ջերմաչափվելու են, և եթե այն բարձրանա, ծնողներին խորհուրդ է տրվելու չբերել երեխային հաջորդ օրը։
Նա կոչ արեց ծնողներին լինել համբերատար, քանի որ բոլոր գործընթացներն իրականացվելու են մեկ մուտքի մոտ։
Նրա խոսքով, խմբերում լինելու է 8–10 երեխա, ինչը թույլ կտա ապահովել անվտանգության բոլոր միջոցառումները, ինչպես նաև մանկապարտեզներում չեն օգտագործվի այնպիսի խաղեր և խաղալիքներ, որոնց վրա կարող են կուտակվել վիրուսներ, ինչպես նաև չեն իրականացվի այնպիսի միջոցառումներ, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում։
«Արդեն ձեռք ենք բերել 161 հեռահար ջերմաչափեր բոլոր մանկապարտեզների համար։ Կարևոր է նաև, որպեսզի տնօրենները ևս պահպանեն անվտանգության բոլոր միջոցառումները, բացառեն խմբակային միջոցառումների և տոների կազմակերպումը»,– ասաց Վիրաբյանը։
Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա ռիսկի գոտում է աշխատակիցների 20-22%–ը, ովքեր չեն գալու աշխատանքի, բայց նախկինի պես 100%–ով վարձատրվելու են։ Նրանց կփոխարինեն մյուս գործընկերները, աշխատանքներն արդեն իրականացվել են և տրվել են հստակ հանձնարարականներ։
Միաժամանակ, եթե աշխատակիցները հրաժարվեն աշխատանքից` ելնելով սեփական անվտանգության նկատառումներից, ապա նրանց աշխատավարձը կհաշվարկվի «հարկադիր պարապուրդի» հիման վրա։
«Այն աշխատակիցները, ովքեր կհամաձայնվեն աշխատել նման պայմաններում, կվարձատրվեն ամբողջ ծավալով, մենք նաև կգտնենք լրացուցիչ խրախուսման միջոցներ», – ասաց Վիրաբյանը։
Նրա խոսքով, մանկապարտեզներում ամեն օր` օրը երկու անգամ, իրականացվելու է ախտահանում։
Բացի այդ, քաղաքապետարանն առաջիկա ամիսների համար գնել է ավելի քան 160 հազար դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել` բոլոր աշխատակիցներին համապատասխան միջոցներով ապահովելու համար։
«Բոլոր աշխատակիցները պարտավոր են լինելու խիստ հետևել անվտանգության կանոններին։ Սա փորձություն է մեզ համար, և այն հարկավոր է անցնել առավելագույնս հաջող։ Այն աշխատակիցները, ովքեր չեն հետևի անվտանգության ապահովման կանոններին, կհեռացվեն համակարգից», – ասաց Վիրաբյանն` ավելացնելով, որ ստուգումներ անցկացվելու են ոչ միայն պատասխանատու անձանց, այլև քաղաքապետարանի կողմից, ընդ որում` առանց նախազգուշացման։
Ինչ վերաբերում է սննդի կազմակերպմանը, փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ անհրաժեշտ չէ տնից սնունդ բերել մանկապարտեզ։ Սննդամթերքը մատակարարվելու նախկինի պես, միայն խստացված կանոններով։ Մասնավորապես, որոշ մթերքներ պետք է մատակարարվեն միայն փաթեթավորված, նախատեսված են նաև անվտանգության այլ միջոցառումներ։
«Մեզ համար ավելի կարևոր է երեխաների անվտանգությունը, և ցանկացած ոք, ով կփորձի խախտել կանոնները, կհեռացվի համակարգից։ Մենք իրականացնելու ենք ամենօրյա ստուգումներ և որևէ փոխզիջման չենք գնա», – ընդգծեց Վիրաբյանը։
Նա կոչ արեց գործատուներին ըմբռնումով մոտենալ այն աշխատակիցների ուշացումներին, ովքեր երեխաներին տանելու են մանկապարտեզ, քանի որ ընթացակարգը լինելու է երկարատև։–0–