Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՔԿ. երեք զինծառայող կալանավորվել է ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման գործով

01.02.2022, 19:56
Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, սակայն ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանում
ՔԿ. երեք զինծառայող կալանավորվել է ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման գործով

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2021 թ.-ի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թ.-ի նոյեմբերի 16-ին իրականացնելով գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականություններն ու ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, և պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնները:

Ինչի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն էլ անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը փոխանցվել են հայկական կողմին։

Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, սակայն ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանում:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:-0-