Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ

29.07.2019, 10:42
Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27–ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ըստ այդմ ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին։ 

Աղբյուրի հաղորդմամբ, քրեական գործ հարուցելու՝ Դատախազության միջնորդությունը բավարարվել է երկու դրվագով, երրորդը` մերժվել: Գործի մանրամասները Բարձրագույն դատական խորհուրդը չի հրապարակում: 

Գլխավոր դատախազությունն օրերս հայտարարել էր, թե դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են «բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»: 

Իրավապահ մարմինը կտրականապես հերքել էր, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել այս տարվա փետրվարին: 

Դատավոր Դավիթ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան:-0-