ՌԴ օդային սահմանները բացվում են ՀՀ քաղաքացիների համար, բայց կան պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիները փետրվարի 1–ից կարող են մուտք գործել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նա նշեց, որ գործարկվում է «Ճամփորդիր` առանց COVID-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ:
«Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել, մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, քանի որ սա նաև սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի եմ մեկնում Ռուսաստան», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ նախորդ տարվանից ՌԴ գործընկերների և ԵԱՏՄ գործընկերների հետ աշխատանքներ են տարվել այս թեմայի վրա և ահա ունենք կոնկրետ արդյունք. գործարկվում է «Ճամփորդիր` առանց COVID -19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ:
Նրա խոսքով, ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ:
«Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտային կարգով, մինչև մարտի 1-ը: Բայց գործնականում կարծում ենք՝ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող անցել է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս փաստի բերումով չվերթերը կավելանան։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Ճամփորդում եմ` առանց COVID-19-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում։
«Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով և բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը և քաղաքացին կարողանում է հատել սահմանը», – ասաց Ավանեսյանը` հավելելով, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:
Նշենք, որ ՌԴ դեսպանատունն իր հերթին հրապարակել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով օդային անցակետերի ցանկը, ուր պետք է ժամանեն քաղաքացիները ՀՀ–ից կամ Բելառուսից` «Ճամփորդում եմ` առանց COVID-19–ի» բջջային հավելվածի օգտագործմամբ։–0–