Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հանձնաժողով են ստեղծել Փակ շուկայի հիմնախնդիրը լուծելու համար

30.05.2012, 10:59
Հայաստանի մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը ստեղծել են համատեղ հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը ստեղծել են համատեղ հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:
Մայիսի 27-ի երեկոյան վերսկսվել են մարտին դադարեցված՝ շենքի ապամոնտաժման աշխատանքները: Շենքը ձեռք էր բերել գործարար և պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: 

«Հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնյա կամարաձև  կոնստրուկցիաները: Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մասնագետների ծածկած շուկայի տարածք այցի արդյունքում արձանագրվել է 6 կամարաձև թաղերի փլուզում: Ըստ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ տնօրինության` Մաշտոցի պողոտայի կողմից ստորգետնյա հատվածում ուժեղացման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է, որ շինության  նախկինում քանդված հետնամասի հատվածում առկա  երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երևույթներ: 

Անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար կառուցապատողի կողմից որոշվել է անհապաղ քանդել փլուզվող մեկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասվել և հետագայում փլուզվել են նաև  մինչև դեֆորմացիոն կար հասնող, միմյանց հետ կապակցված հաջորդ  միաձույլ կողավոր թաղերը:

«Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ փաստացի վիճակը պահանջում էր համապատասխան կառույցների հրատապ միջամտություն՝ մայիսի 27-ի երեկոյան աշխատանքները դադարեցվել են և մայիսի 28-ին  շինության առկա վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների  և հրավիրված մասնագետների կողմից տեղում կատարվել է իրավիճակի ուսումնասիրություն և  կազմվել է փաստագրման արձանագրություն»,- ասված է հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝  կառուցապատողն ուներ միայն ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն, և Ծածկած շուկայի ստորգետնյա ավտոկայանատեղիի ու պահեստային տարածքի կառուցման աշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 30. 03. 2012 թ. համաձայնեցված աշխատանքային նախագծով: 

«Դեռևս մայիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը այցի ժամանակ փաստել էր, որ աշխատանքները իրականացվում են միայն ստորգետնյա հատվածում: Միաժամանակ հայտնում ենք, որ նախկինում շինությունում կատարված անօրինական շինարարական աշխատանքները դադարեցվել էին ևս 2 անգամ»,- ասված է փաստաթղթում:

Դեռևս սույն թվականի մարտի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը` կից ներկայացված Ծածկած շուկայի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ «Քաղսեյսմշին հետազոտում» ՍՊԸ-ի կողմից 30. 05. 2011 թ. տրված եզրակացությամբ (այստեղ շենքը գնահատված է որպես 3-րդ աստիճանի վթարային կառույց): 

Մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի և վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է խիստ վթարային, և առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնյա կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով:

ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրել է վերոնշյալ եզրակացությունները և Ծածկած շուկայի վերակառուցման ու վերահատակագծման էսքիզային նախագիծը` խնդրելով կազմել և ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել Կենտրոնական ծածկած շուկայի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, որում հաշվի կառնվեն տրված տեխնիկական եզրակացությունների պահանջները ու հուշարձան-շենքի արտաքին և ներքին տարածքի գեղարվեստական, ճարտարապետական ու ծավալատարածական լուծումները: 

«Ներկայումս շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով` շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են»,- ասված է հաղորդագրությունում:--0--