Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին

28.02.2024, 15:25
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կարևորելով սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար, հաղորդում է Ռոստելեկոմի մամուլի ծառայությունը։

Մեղրիի տարածաշրջանում մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից 200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաև իրականացնել մասնագետների վերապատրաստում։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոստելեկոմ Հայաստանը կրկին անգամ ներգրավված է մի շատ կարևոր սոցիալական նախագծում՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների բուժօգնությանն օժանդակելու համար։

Այս նախագիծը մեծ արձագանք գտավ մեզ մոտ, քանի որ դրա իրականացման արդյունքում Մեղրիի, Ագարակի և տարածաշրջանի գյուղերի երեխաները կօգտվեն վերականգնողական բազմապրոֆիլ ծառայություններից:

Ուրախ ենք, որ ծրագիրը բարձր է գնահատվել նաև ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վերականգնողական ծառայությունների փոխհատուցումը պետական պատվերի շրջանակներում» - նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսվում է 2024թ-ի գարնանը: Ծառայությունների մատուցման աշխատանքները կսկսվեն 2024թ-ի աշնանը:–0–