Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը դեկտեմբերի 23–ին ձերբակալվել էր նույն հոդվածով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով։ Քրեական գործը հարուցվել էր Շիրինյանի Facebook-յան էջում արված հետևյալ գրառման փաստով. «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»:
Գնդապետ Սայաթ Շիրինյանը 2010թ.–ի նոյեմբերին ազատվել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից և տեդափոխվել ոստիկանության կադրային ռեզերվ։–0–