Թորոսյան. ՀՀ–ում 10 անձ մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ 10 անձ մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածով։
«Երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ևս 3 դեպք, և այսօրվա դրությամբ մենք փաստացի ունենք 4 դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին չունեն ախտանիշներ, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն, միայն մեկն այս պահին ունի գանգատներ` աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմտոմատիկ բուժում։ Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում», – նշեց Թորոսյանը։
Նրա խոսով, վերջին 3 պացիենտները բոլոր ժամանել են Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության տակ, թե տնային այցերի, թե հեռախոսակապերի միջոցով։
«Եվ գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են, և նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը։ Մյուս կանխարգելիչ միջոցառումներից է այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը։ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, խոսքը բավական մեծաթիվ մարդկանց մասին, հնարավոր է նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահպման վայրում օրվա ընթացքում», – ասաց Թորոսյանը հավելելով, որ վարակվածներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկն` Իտալիայի քաղաքացի։
«Մնացած միջոցառումները շարունակվում են` օդանավակաայաններում հատուկ քարտերի լրացում և տնային հսկողություն այն բոլոր երկրներից, որտեղ որ դեպքերի թիվը շատ է, դրանք եվրոապական մի քանի երկրներն են, Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան։ Ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ ամբողջ երկրներում կանխարգելման ուղղությամբ, և ես նորից եմ ուզում կրկնել, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար», – ասաց նախարարը։–0–