Տրանսպորտում քաղաքական շոուների վերջը պետք է տանք, վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է․ Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Ավինյանն անդրադարձավ նաև փետրվարի 1–ից կազմակերպվող բոյկոտին, որն ուղղված է միասնական տրանսպորտային համակարգի ներդրման դեմ։ Բոյկոտի կոչ են անում և մասնակցում են Ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն։ Իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց», – ասաց Ավինյանը։
Նա նաև նշեց, որ միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է։
Ավինյանը նաև շնորհակալություն հայտնեց երևանցիներին քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցելու համար։
«Միասնական տոմսային համակարգի ներդրումն արվում է Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար։ Տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բարդ փուլերով ենք անցել», –նշեց Ավինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց նաև վարորդներին համբերատարության համար։
«Վարորդների նյարդերը վերջին օրերին մի քիչ լարվել են: Համակարգը կոլապսի տանելու փորձը ձախողվեց», – ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ տարատեսակ քաղաքական շոուները հասարակական տրանսպորտում պետք է վերջակետ ունենան։
«Դրա համար պետք է ջանքեր գործադրենք, դրա վերջը պետք է տանք։ Իհարկե, շատ ավելի հանգիստ, զսպված, նույնիսկ մեր քաղաքական ընդդիմախոսների հետ մաքսիմալ հարգանքով, բացատրելով և հասկացնելով նրանց», – ասաց Ավինյան»
Միասնական տոմսային համակարգի մասին
Փետրվարի 1–ից Երևանում ամբողջությամբ գործարկվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակում մեկ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ։
Գործում են հետևյալ սակագնային փաթեթները․
- 150 դրամ – մեկանգամյա ուղետոմս/1 ուղևորություն (ակտիվացման ժամկետ՝ 3 օր)
- 280 դրամ – «90 րոպե» փաթեթ/3 ուղևորություն (ի դեպ քաղաքապետարանից հայտնել էին, որ փետրվարի 11–ի նիստում 90 րոպեն կերկարաձգվի և կդառնա 180 րոպե), (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
- 1500 դրամ – «Multi» փաթեթ/10 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է` ակտիվացման ժամկետ՝ 30 օր, վավերացման ժամկետ՝ 30 օր)
- 880 դրամ – 1 օր/8 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
- 4800 դրամ – 1 շաբաթ/30 ուղևորություն
- 8800 դրամ – 1 ամիս/ անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 23600 դրամ – 3 ամիս/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 88 000 դրամ – 1 տարի/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 480 դրամ – «Զվարթնոց» օդանավակայան (մեկ ուղղությամբ)/1 ուղևորություն
Ի դեպ քաղաքապետարանից նաև հայտնել էին, որ անսահմանափակ փաթեթների երկարացում է նախատեսված։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։