Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
«Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–