Վարչապետի մոտ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով:
Վարչապետը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ:
Վերջին շրջանում Երևանի և մարզերի բնակիչները պարբերաբար դժգոհում են հոսանքազրկումից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, որը պատկանում է խոշոր ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը Հայաստանում շահագործում է միջին և ցածր լարման բաշխիչ ցանցեր՝ սպասարկելով երկրում 1 մլն բաժանորդի։