Վայոց Ձորի Արենի բնակավայրը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, կիրառվել են մուտքի և ելքի սահմանափակումներ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում։
Որոշման համաձայն, սահմանվել է բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման, գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության։
Արենի բնակավայր մուտք գործելու սահմանափակումից բացառություն է սահմանվել մինչև 2020 թվականի մայիսի 17-ը՝ ժամը 08:00-ն, Արենի բնակավայրում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար։
Գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրվել է միայն Վայոց Ձորի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված ձևանմուշի առկայության դեպքում։
Որոշման համաձայն, Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Արենի բնակավայրի ներսում սահմանվել են վերակարգեր և բացառվել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Արենի բնակավայրի վարչական սահմաններում։
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Արենի բնակավայրի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով:–0–