Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վերջին 2 շաբաթում Հայաստանում գրանցվում է ՍՇՎ–ով և գրիպով հիվանդացության բարձր մակարդակ

30.12.2022, 13:44
Հիվանդացությունն առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում
Վերջին 2 շաբաթում Հայաստանում գրանցվում է ՍՇՎ–ով և գրիպով հիվանդացության բարձր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանվորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։ 

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): 

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.

  • եթե դեռ չեք պատվաստվել գրիպի դեմ, դիմեք ցանկացած պոլիկլինիկա/ամբուլատորիա՝ անկախ գրանցման վայրից, և պատվաստվեք, 
  • եթե ունեք սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշաններ (քթահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, մկանացավ, թուլություն) անհապաղ դիմեք բժիշկի հետագա բարդություններից խուսափելու համար,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
  • մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, անհարկի մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային:–0–