Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում երկու ԲԿ–ների միավորման հարց է ներառված (ՖՈՏՈ)

17.10.2022, 14:45
Բուժհաստատության ներկա անմխիթար վիճակն արդեն իսկ փաստում է, որ այս պայմաններում դժվար է պատկերացնել լավ և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունը
Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում երկու ԲԿ–ների միավորման հարց է ներառված (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառված է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով, որ նախագիծը բավականին հակասական արձագանքներ էր ստացել՝ մայրաքաղաքի առողջապահության ոլորտը համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ այցելել է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ և տեղում ներկայացրել բժշկական կենտրոնի շենքային պայմաններն ու ծառայությունները:

Փոխքաղաքապետ Սիմոնյանը նշել է, որ բուժհաստատության ներկա անմխիթար վիճակն արդեն իսկ փաստում է, որ այս պայմաններում դժվար է պատկերացնել լավ և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը ստեղծվել է 1961 թվականին, իսկ վերակազմակերպվել է 2005թ. սեպտեմբերի 5-ին: Ինստիտուտի կառուցվածքը ընդգրկում է հետևյալ բաժանմունքները և ախտորոշիչ լաբորատորիաները` սրտամկանի սուր ինֆարկտի բաժանմունք, սրտային անբավարարության բաժանմունք, զարկերակային հիպերտոնիայի բաժանմունք, քրոնիկ իշեմիկ հիվանդության բաժանմունք, առիթմիայի բաժանմունք, կանխարգելիչ սրտաբանության բաժանմունք, ռևմատոլոգիայի և հոդաբանության բաժանմունք, ռադիոիզոտոպային լաբորատորիա, ռենտգենոլոգիայի լաբորատորիա, հեմատոլոգիայի լաբորատորիա, ենսաքիմիայի լաբորատորիա, իմունաբանության լաբորատորիա, պաթոմորֆոլոգիայի լաբորատորիա:

«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲ կենտրոնը ստեղծվել է 2003թ.՝ 8-րդ բուժմիավորում ՓԲԸ հենքով: 8-րդ բուժմիավորումը Զեյթուն թաղամասի առաջին առողջապահական հիմնարկն էր. ստեղծվել է 1957թ., որպես համաբուժարանային-հիվանդանոցային համալիր: Ներկայումս Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ընկերությունում գործում են թերապիայի, էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության, ընդհանուր վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, գինեկոլոգիայի, ակնաբուժության, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, ծննդատունը:–0–