Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը ներգրավվել է որպես մեղադրյալ

26.06.2020, 13:46
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը ներգրավվել է որպես մեղադրյալ
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը ներգրավվել է որպես մեղադրյալ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե, իբր, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 և հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով նշված ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Արմենուհի Ռուբենի Գևորգյանի անվամբ գրանցված 6452.68 քմ. մակերեսով հողամասը հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) նշված սահմանափակումների ցանկում, որն էլ հիմք է հանդիսացել համայնքային սեփականություն հանդիսացող՝ 6452.68 քմ. մակերեսով հողատարածքն այն վարձակալած անձին՝ նույն Արմենուհի Գևորգյանին, որպես սեփականություն՝ առանց հրապարակային սակարկությունների, գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարելու համար:

«2020 թվականի հունիսի 24-ին որոշում է կայացվել՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–