Երևանի քաղաքապետարանն արդեն փետրվարին պատրաստվում է 100 միավոր ավտոբուսների տենդեր դնել. Մարության
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. Պատրաստվում ենք արդեն փետրվարին 100 միավոր ավտոբուսների տենդեր դնել, հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հուսով եմ, որ թիմը, որն այսօր շատ ակտիվ աշխատում է տենդերի հետ կապված, կհասցնի տեխնիկական բնութագիրը պատշաճ կերպով ներկայացնել և տենդերը կկայանա», – նշեց Մարությանն`ավելացնելով, որ միաժամանակ աշխատանք է ընթանում կառավարության հետ, «որպեսզի կառավարությունն այդ միջոցները տրամադրի, այսինքն թույլ տա, որ վարկային միջոցները գան»։
«Այս պահին կա փոքր խմբաքանակ։ Բայց մենք հուսով ենք, որ 100 ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում։ Հուսով ենք, որ կհասցնենք։ Այստեղ կարևոր է նաև հաղթող ընկերության հարց, որովհետև շատ ընկերություններ շատ դանդաղ են արտադրում ավտոբուսներ, անգամ անվանի ընկերություններ չեն կարող միանգամից այդպիսի մեծ քանակություն արտադրել ։», – ասաց Երևանի քաղաքապետը։
2019թ.–ի դեկտեմբերին Մարությանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում միջազգային խոշորագույն բանկերի հետ` Երևանում նոր տրանսպորտային ցանցի նրդրման համար վարկ ստանալու նպատակով։ Խոսքը 120–250մլն դոլարի մասին է, տոկոսադրույքի չափը դեռ չի որոշվել։
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր հերթին հայտարարել է, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրման համար անհրաժեշտ է 850 ավտոբուս, առաջին խմբաքանակը Երևան կբերվի 2020թ.–ին։–0–