Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի քաղաքապետարանում ներկայացրել են տրանսպորտի ուղետոմսի համար վճարման չորս տարբերակները

13.01.2025, 13:14
Առաջիկայում հնարավոր է տրանսպորտային քարտին այլընտրանք լինի նաև TellCell Wallet–ում
Երևանի քաղաքապետարանում ներկայացրել են տրանսպորտի ուղետոմսի համար  վճարման չորս տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանում ներկայացրել են տրանսպորտի ուղետոմսի համար (ֆիզիկական և էլեկտրոնային) վճարման չորս տարբերակները։

«Տրանսպորտային քարտ այս պահի դրությանբ հնարավոր է ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից: Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները, վաղվանից ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են դրամարկղի աշխատակցի օգնությամբ ձեռք բերել քարտերը», – ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Մանուկյանն այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ տրանսպորտային քարտ հնարավոր է ձեռք բերել նաև Երևանի քաղաքապետարանին պատկանող 2 տեղեկատվական աջակցման կետերից, որոնք գտնվում են Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներին կից:

«Տրանսպորտային քարտին կարող է փոխարինել սեփական անհպում Visa, MasterCard, Arca բանկային քարտը, եթե օժտված է NFC համակարգով: Այն պետք է transport.yerevan.am հարթակի կամ սպասարկման կենտրոնների աշխատակիցների աջակցությամբ վերածել տրանսպորտային քարտի և կցել արտոնյալ կամ ոչ արտոնյալ տոմս», – ասաց նա՝ ավելացնելով, որ American Express և «Мир» քարտերով վճարումն անհնար է։

Մանուկյանի խոսքով, առաջիկայում հնարավոր է տրանսպորտային քարտին այլընտրանք լինի նաև TellCell Wallet–ում։

Փողքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նշեց, որ համակարգը թույլ չի տալում սքրինշոթ անել էլեկտրոնային ուղետոմսը։