Երևանի քաղաքապետարանը գործարկել է կայք, որի միջոցով հնարավոր է գնել տրանսպորտի ուղետոմսեր
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Գործարկվել է միասնական տոմսային համակարգի՝ transport.yerevan.am կայքը, որի միջոցով հնարավոր է ձեռք բերել ավտոբուսի, տրոլեյբուսի և մետրոյի ուղետոմսեր, երկուշաբթի հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում», – ասաց Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Նա հայտարարել է, որ կայքը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է։
«Երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ», – նշեց Ավինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից անցում է կատարվում տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի։
«Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի», – ավելացրեց քաղաքապետը։
Միասնական տոմսային համակարգի մասին
Այժմ Երևանում ավտոբուսի և մետրոյի մեկ ուղետոմսն արժե 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ։ Նոյեմբերի 1-ից ուղեվարձը հնարավոր է վճարել միայն 100 դրամանոց մետաղադրամներով կամ վճարային տերմինալների միջոցով, իսկ նոյեմբերի վերջից՝ նաև բանկային քարտերով։
Քաղաքապետարանի նախագծով, 2025 թվականի հունվարի 1-ից ուղետոմսերը կարժենան.
* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)
* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)
* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)
* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)
* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)
* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)
Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։
Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։
Արտոնությունների մասին
2024 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):