Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է տրանսպորտի ուշացումների հետ կապված խնդիրը

21.07.2022, 12:18
Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վերջին շրջանում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների ավտոբուսների ուշացումների հետ կապված խնդրին
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է տրանսպորտի ուշացումների հետ կապված խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վերջին շրջանում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների ավտոբուսների ուշացումների հետ կապված խնդրին:

«Արմենպրես»
-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը նշել է, որ ավտոբուսների՝ ոչ հաճախ երթուղի դուրս գալը պայմանավորված է առանձին երթուղիների որոշ վարորդների արձակուրդներով և հին ավտոբուսների պահեստամասերի համալրման անհրաժեշտությամբ:

«Խնդիրը պայմանավորված է երկու հանգամանքով: Առանձին երթուղիների որոշ վարորդները, եղանակային պայմաններից ելնելով, արձակուրդում են, որը նրանց իրավունքն է: Երկրորդը՝ սպասում ենք հին ավտոբուսների պահեստամասերի խմբաքանակի ներկրման»,- նշել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ եղանակային պայմաններից ելնելով ճիշտ չի լինի վարորդներին թույլ չտալ արձակուրդ մեկնել: «Նրանք օրվա կտրվածքով աշխատում են 12-14 ժամ և իրավունք ունեն տարվա մեջ մի քանի օր արձակուրդ վերցնել: Ամառային ամիսներին, որպես կանոն, ուղևորահոսքը որոշակի նվազում է, և դա այն միակ ժամանակահատվածն է, երբ հնարավոր է վարորդներին արձակուրդ տրամադրել»,-պարզաբանել է Գևորգյանը:

Գևորգյանն ընդգծում է, որ հնարավոր չէ բացակայող վարորդների շարքերը նոր վարորդներ ընդունելով համալրել: Քաղաքապետարանն առանց այն էլ դժվարանում է հիմնական աշխատանքի ընդունելու համար D կարգի վարորդներ գտնել: Խնդիրը փորձում են լուծել՝ ուղեգծում աշխատող մեքենաների՝ երթուղի դուրս գալու միջակայքերն օպտիմալացնելով:

«Մի ավտոբուսը կարող է գալ 15 րոպե միջակայքով, մյուսը՝ 25 րոպե, կփորձենք միջակայքերի միջև բալանս ապահովել: Բայց դա ևս ամբողջությամբ մեզանից կախված չէ՝ ելնելով փողոցների ծանրաբեռնվածությունից»,- նշել է Տարոն Գևորգյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում:

Անդրադառնալով պահեստամասերի խնդրին՝ նա նշել է, որ հին ավտոբուսների պահեստամասերի ներկրման խնդիր կա, սպասում են պահեստամասերի նոր խմբաքանակի ներկրմանը: Քաղաքապետարանից վստահեցրին՝ ամեն բան անում են, որ եղած իրավիճակի մեջ նվազագույնի հասցնեն քաղաքացիներին պատճառվող անհարմարությունը:–0–