Երևանի տրանսպորտի աշխատանքում խափանումներ էին, քաղաքապետարանից արձագանքել են
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով, հայտնում են քաղաքապետարանից։
Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։
«Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ», – նշում են գերատեսչությունից։
Սակայն, իրականում, վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում կանգառները մարդաշատ էին, ավտոբուսները չէին բավարարում։
Նախօրեին Երևանում հասարակական տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում և գործադուլ կազմակերպում։ Նրանք պնդում են, որ նոր տնօրենն անհիմն կերպով աշխատանքից ազատում է աշխատակիցներին և նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում։
Երևանի քաղաքապետարանից արձագանքել են, որ վարորդների այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես սաբոտաժային քայլ։
«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», – նշել են քաղաքապետարանից։
Նախօրեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայան, քննարկել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը։
«Քանի դեռ այստեղ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են։ Յուրաքանչյուր տեսակի հարց ու խնդիր, բարձրաձայնելու ճիշտ ձևն ու մեթոդն ունի։ Կանգառներում երևանցիների սպասելը ավելի կարևոր է այստեղ յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին։ Երբ մեզանից մեկը սկսում է սխալ աշխատել, համակարգը քանդվում է», – նշել է Ավինյանը։
Նա հայտնել է, որ մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։
«Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա։ Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն», – ասել է Ավինյանը։